«Ոսկան Երևանցի» տպագրատունը հին ավանդույթներ ունեցող տպարաններից է: Այն Երևանի թիվ 3 տպարանի իրավահաջորդն է և պատահական չէ, որ տպարանը վերանվանվել է միջնադարի հայ խոշոր տպագրիչ, գրահրատարակիչ Ոսկան Երևանցու անունով, որը առաջին անգամ հայերեն հրատարակել է Աստվածաշունչը:
Տպագրատունը եզակի արտադրահրատարակչական համալիր է, որը գործում է ամբողջական շրջափուլով՝ ձեռագրից մինչև փաթեթավորում: Ունի տպագրական-հրատարակչական գործի բազմամյա փորձ և բարձրորակ արտադրանք թողարկելու հարուստ ավանդույթներ, որի արդյունքում՝ բազմապիսի և բազմաբնույթ նրբաճաշակ գրքեր, գունավոր ալբոմներ, բրոշյուրներ:
Իր գործունեության ընթացքում «Ոսկան Երևանցու» հովանավորությամբ և պետական պատվերով լույս են տեսել բազմաթիվ գեղարվեստական և մասնագիտական գրականություն: Բարձրորակ համակարգչային դիզայնը հնարավորություն է ընձեռում արվեստին և ճարտարապետությանը նվիրված նրբաճաշակ արժեքավոր գրքերի և ալբոմների հրատարակումը: «Ոսկան Երևանցին» մեկ անգամ չէ, որ մասնակցել է մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսներին:
2000 թվականին Իսպանիայում (Մադրիդ) «Ոսկան Երևանցի» տպագրատուն-հրատարակչությունը արժանացել է Որակի համաշխարհային ասոցիացիայի «Ոսկե աստղ» միջազգային մրցանակի:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ տպագրատանը տրվել է նաև Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման լիցենզիա: Երկար տարիներ «Ոսկան Երևանցին» իրականացնում է ողջ հանրապետության բուհերի դիպլոմների, հանրակրթական դպրոցների ատեստատների, վկայականների, պատվոգրերի, գովասանագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի տպագրությունը: Այդ նպատակների համար ներդրվել է իրիսային տպագրության տեխնոլոգիան:
«Ոսկան Երևանցին» համալրված է բարձրորակ և փորձառու ինժեներատեխնիկական և բանվորական կադրերով: Նրանք գործով են ապացուցել, որ ի զորու են բարձրորակ ներկայանալի գրքեր տպագրել: «Ոսկան Երևանցի» տպագրատան աշխատողների մտավոր ներուժի և հմտությունների մեկտեղման արդյունքում ծնվում են մնայուն արժեքներ՝ գրքեր, գրքեր…